Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն հուսով է, որ հաջորդ եռակողմ հանդիպումը Բրյուսելում՝ ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, արդյունավետ կլինի։
«Եթե հաշվի առնենք, որ մինչ օրս արդեն 5 հանդիպում ենք ունեցել, հաջորդ հանդիպումը պետք է արդյունքին միտված լինի։ Հայաստանը, Ադրբեջանը և ԵՄ–ն պետք է համաձայնեցնեն հայտարարության նախագիծը։ Պետք է լավ նախապատրաստվել հանդիպմանը»,–ասել է Ալիևը, գրում է Interfax.az-ը։
Վերջին անգամ Ադրբեջանի նախագահը, ՀՀ վարչապետը և Եվրոպայի խորհրդի ղեկավարը եռակողմ ձևաչափով հանդիպել են Բրյուսելում 2023–ի հուլիսին։ Եվս մեկ հանդիպում էր նախատեսված հոկտեմբերին, որից Ադրբեջանի նախագահը հրաժարվեց;
Ադրբեջանը չի մասնակցել Գրանադայում կայացած հնգակողմ հանդիպմանը, հրաժարվել է մասնակցել Բրյուսելում կայանալիք բանակցություններին։ Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել է, թե Բաքուն հրաժարվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վաշինգտոնյան հանդիպումից:
Նոյեմբերի 21–ին Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ էր արել Հայաստանին խաղաղության գործընթացը քննարկելու համար հանդիպում անցկացնել սահմանին։ Ի պատասխան՝ հայկական կողմն առաջարկել էր սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել պետական սահմանին։ Նոյեմբերի 30-ին ՀՀ և Ադրբեջանի պետական սահմանին տեղի է ունեցել երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հերթական հանդիպումը։ Կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի: