13 դեկտեմբերի 2023 - 12:39 AMT
Լեմկինի ինստիտուտը խորապես մտահոգված է Երուսաղեմի հայկական թաղամասի ամբողջականության սպառնալիքներով

Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը խորապես մտահոգված է Երուսաղեմի հայկական թաղամասի ամբողջականության սպառնալիքներով և կոչ է արել ԱՄՆ-ին և Իսրայելի մյուս դաշնակիցներին հայկական համայնքին պատշաճ իրավական օգնություն երաշխավորել հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» հատվածի համար վեճում: Այս մասին ասվում է ինստիտուտի հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ այս աշնանը հայ համայնքն արդեն կորցրել է կարևոր պատմական հող՝ Արցախը (Լեռնային Ղարաբաղը), որի բնակչությունն ադրբեջանական ագրեսիայի պատճառով ստիպված է եղել լքել իրենց տները, հայտնում է Sputnik Արմենիան։

«Թեև Երուսաղեմում հայ բնակչությունն այսօր շատ փոքր է, հայկական թաղամասը շարունակում է մնալ սփյուռքի ներկայության կարևոր մասը։ Այն հայերի ամենահին գործող սփյուռքն է», - ասվում է հայտարարության մեջ։

Ինստիտուտում ընդգծել են, որ Երուսաղեմի հայկական թաղամասի մշակութային ժառանգությունը պետք է պաշտպանված լինի կառուցապատողներից:

Ավելի վաղ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքության առաջնորդ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն անձամբ ստորագրել է «Կովերի պարտեզի» տարածքը 99 տարով վարձակալության հանձնելու մասին պայմանագիրը գործարար Դենիել Ռուբինշտեյնին՝ հյուրանոց կառուցելու համար: Հայ համայնքը Երուսաղեմում պարբերաբար բողոքի ակցիաներ է անցկացնում այս գործարքի դեմ։