Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարել է, որ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառության աճն ընթացիկ տարում կազմել է 41 տոկոս։
«Մենք ենթադրում ենք, որ այդ միտումը կպահպանվի հետագա տարիներին», - ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։
Նրա խոսքով՝ կառավարությունը քայլեր է ձեռնարկում արտաքին տնտեսական գործունեության դիվերսիֆիկացման, մասնավորապես՝ այլ ուղղություններով ապրանքաշրջանառության ակտիվացման ուղղությամբ։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների և Իրանի միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի ստորագրմանը: Դրանով կապահովվի տնտեսական գործակցության լայն շրջանակ` իրավական պարտավորությունները, փոխադարձ առևտրի դյուրացումն ու խթանումը, ներքին շուկայի պաշտպանությունը, մաքսային կարգավորումը, մրցակցությունը և այլն։