4 մայիսի 2009 - 22:18 AMT
Վալերի Գերգիեւը պարգեւատրվել է Սբ. Մեսրոպ Մաշտոց շքանշանով
Այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է բալետի լեգենդար պարուհի Մայա Պլիսեցկայային եւ նրա ամուսնուն` անվանի կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինին, դիրիժոր Վալերի Գերգիեւին եւ դաշնակահար Դենիս Մացուեւին:

«Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում իրենց արվեստը ներկայացրել են ռուսական մշակույթի բազմաթիվ անվանի դեմքեր: Վերջերս նախագահ Մեդվեդեւի հետ կայացած հանդիպման ժամանակ հումանիտար ասպարեզում երկու երկրների լայն համագործակցությունը մեծ գնահատական է ստացել: Հումանիտար ոլորտում արդյունավետ համագործակցությունը, միջոցառումների հագեցած ծրագիրը եւս մեկ անգամ խոսում է երկու ժողովուրդների ամուր հոգեւոր կապերի մասին»,- ընդգծել է Սարգսյանը:

«Ես մեծ ուրախությամբ եւ առանձնահատուկ զգացմունքներով եմ եկել Հայաստան»,- ընդգծել է դիրիժոր Վալերի Գերգիեւը, ավելացնելով, որ աշխարհի տարբեր բեմերում ելույթ են ունենում տաղանդավոր հայ երաժիշտներ, որոնցով Հայաստանը, հիրավի, կարող է հպարտանալ:

Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժորին հանձնվել է Սբ. Մեսրոպ Մաշտոց շքանշանը, որին նա արժանացել է հայ-ռուսական մշակութային կապերում ունեցած ներդրման համար: