4 մայիսի 2009 - 22:48 AMT
Վրացական ընդդիմությունը խոստանում է արգելափակել բոլոր սահմանային ՀԱԿ-երը
Ընդդիմության կողմնակիցները կսկսեն արգելափակել Վրաստանի բոլոր սահմանային հսկիչ-անցումային կետերը, եթե Միխայիլ Սահակաշվիլին չկատարի իր խոստումը` մինչեւ մայիսի 11-ը հրաժարական տալ: «Մենք ներողություն կհայցենք Հայաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից, մյուս երկրներից, որոնք չեն կարողանա փոխադրումներ իրականացնել Վրաստանով»,- երկուշաբթի օրը Թբիլիսիի խորհրդարանի շենքի դիմաց կայացած տեղեկատվական ցույցին հայտնել է ընդդիմության առաջնորդներից մեկը` Գուբազ Սանիկիձեն:

Նա հրապարակում հավաքված մարդկանց նաեւ հիշեցրել է, որ մայիսի 5-ին ընդդիմության շտաբի որոշմամբ մեկ ժամվա ընթացքում տեղի կունենա Թբիլիսիով անցնող կենտրոնական ավտոմայրուղու արգելափակման նախազգուշական ակցիա:

«Իսկ մայիսի 8-ին Սահակաշվիլիին կներկայացվի 72-ժամյա ուլտիմատում, որից հետո նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին պահանջն արհամարելու դեպքում կսկսվի ողջ Վրաստանի ավտոճանապարհների արգելափակումը»,- ասել է Սանիկիձեն, հաղորդում է «Ինտերֆաքսը»: