25 դեկտեմբերի 2023 - 13:28 AMT
Հովհաննես Չեքիջյանը պարգևատրվել է «Արգիշտի առաջին» հուշամեդալով

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը «Արգիշտի առաջին» հուշամեդալով է պարգևատրել երգչախմբային դիրիժոր, կոմպոզիտոր, մանկավարժ Հովհաննես Չեքիջյանին նրա ծննդյան 95-րդ տարեդարձի առթիվ։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Ներկա էի Հայաստանի ազգային հերոս, Երևանի պատվավոր քաղաքացի, մաեստրո Հովհաննես Չեքիջյանի 95-րդ հոբելյանի միջոցառմանը:

Սիրելի՛ մաեստրո, Ձեր ուժն ու եռանդն իսկապես նախանձելի են և օրինակելի:

Շնորհակալ ենք հայ երգարվեստում Ձեր ունեցած ներդրման համար, լիահույս եմ, որ «Արգիշտի առաջին» հուշամեդալն իր ուրույն տեղը կգտնի ձեր մյուս մեդալների և մրցանակների շարքում»,–ասվում է գրառման մեջ։

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ (1975) և Հայկական ԽՍՀ (1971) պետական մրցանակների դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր (1982), ԽՍՀՄ ԳԽ 10-րդ և ՀԽՍՀ ԳԽ 9-րդ գումարումների պատգամավոր Հովհաննես Չեքիջյանը նաև Հայաստանի ազգային հերոս է (2017)։

Հեղինակ է երաժշտական ստեղծագործությունների, այդ թվում և «Գարնանային անուրջներ», «Տոնական ձոն» վոկալ-սիմֆոնիկ պոեմների։