27 դեկտեմբերի 2023 - 14:32 AMT
Անդրեասյան․ ԼՂ–ից բռնի տեղահանված մոտ 400 ուսուցիչ աշխատում է ՀՀ կրթական համակարգում

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տարեվերջյան ասուլիսում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մոտ 400 ուսուցիչ (տեղահանված ուսուցիչների 1/3–ը) աշխատում է ՀՀ կրթական համակարգում։

«Նրանցից ավելի քան 200–ը գործուղվել են մարզեր և նրանց աշխավարձի 30 %-ի չափով հավելավճար է տրամադրվում։ Իսկ որոշ համայնքներում (Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերի մի քանի համայնքներում ) բացի հավելավճարից, ստանում են նաև ամսական 50,000 դրամ գումար»,–ասել է նախարարը, գրում է Sputnik Արմենիան։

Նա նաև ասել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 17,000 երեխա սովորում է Հայաստանի դպրոցներում, իսկ մոտ 2800–ը` բուհերում և քոլեջներում։

Նրա խոսքով` աշակերտների համար ապահովվում են անհրաժեշտ դասագրքեր, գրենական պիտույքներ, հայտնում է Sputnik Արմենիան։

«Ուզում եմ ընդգծել, որ շատ արագ հաստատվել է արցախցի ուսանողների կրթաթոշակի կարգը, որը հնարավորություն է տվել ԼՂ-ի բուհերում և քոլեջներում սովորող ուսանողներին իրենց կրթությունը շարունակել ՀՀ ուսումնական հաստատություններում և կրթաթոշակի միջոցով իրենց ուսման վարձը փոխհատուցել»,–ասել է Անդրեասյանը։

Նրա խոսքով` ավելի քան 1800 ուսանողներ իրենց կրթությունը շարունակում են բուհերում, իսկ 1000 ուսանողներ՝ քոլեջներում:

Անդրադառնալով ՀՀ–ում արդեն իսկ սովորող արցախցի ուսանողներին, որոնց ուսման վարձը վճարում էր ԼՂ իշխանությունը կամ ուսանողների ընտանիքների, որոնք նույնպես տեղահանվել են և այժմ չունեն ուսման վարձ վճարելու հնարավորություն, նախարարն ասաց։

«Մեր վերջին որոշումը վերաբերում էր այս խմբի ուսման վարձի փոխհատուցմանը: Այս ծրագրի շահառու է դարձել արդեն իսկ 900 սովորող, գումարները փոխանցված են բուհերին, քոլեջներին»,-ասել է Անդրեասյանը:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։