5 մայիսի 2009 - 12:49 AMT
Վաշինգտոնում քննարկվում է Լեռնային Ղարաբաղի հարցը
Պետքարտուղար Քլինթոնը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Այդ մասին ԱՄՆ Պետքարտուղարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ հաղորդել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ռոբերտ Վուդը: Նրա խոսքերով, այսօր պետքարտուղարը հանդիպում կունենա Էդվարդ Նալբանդյանի հետ: «Հանդիպման ժամանակ խոսքը կվերաբերի երկկողմ հարաբերություններին, հայ-թուրքական բանակցություններին, եւ, անշուշտ, Լեռնային Ղարաբաղին: Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ կքննարկվեն էներգետիկ խնդիրներ, եւ նույն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը», - նշել է Վուդը: Նա նաեւ ընդգծել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը համագործակցում են տարածաշրջանում, եւ էներգետիկան, իհարկե, գլխավոր խնդիրն է: «Այն, ինչ մենք փորձում ենք անել մեր էներգետիկ քաղաքականության տեսանկյունից, կայանում է նրանում, որպեսզի ապահովվի վառելիքի մատակարարումների դիվերսիֆիկացումը եւ համոզվենք, որ էներգամատակարարումը կայուն է: Եվ այստեղ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պետք է միասին աշխատեն», - ընդգծել է Ռոբերտ Վուդը, հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարության մամլո ծառայությունը: