5 հունվարի 2024 - 12:57 AMT
Քյարամյան. Ադրբեջանում հաստատված 23 գերի կա, որոնցից 17–ը գերեվարվել է 2023–ի ագրեսիայի արդյունքում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը «Լուրերին» տված հարցազրույցում հայտնել է, որ Ադրբեջանում հունվարի 5–ի դրությամբ պահվում է Ադրբեջանի կողմից հաստատված 23 անձ։

ՔԿ նախագահը տեղեկացրել է, որ նրանցից 17–ը գերեվարվել է 2023–ի ագրեսիայի արդյունքում և որ նրանց թվում են նաև Արցախի նախկին պաշտոնյաները, հայտնում է Sputnik Արմենիան։

«Մենք ունենք նաև փաստական տվյալներ 44–օրյա պատերազմից հետո 32 անձի բռնի անհետացման մասին, որնոնք ներկայացվել են վերպետական ատյաններին, ունենք նաև ՄԻԵԴ–ի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումներ, սակայն այս անձանց բռնի անհետացման փաստը Ադրբեջանը հերքում է»,– ասել է նա։

2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայող և սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող արդեն Հայաստանում է։ Դեկտեմբերի 7–ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն Բաքուն կազատի 32, Երևանը՝ 2 զինծառայողի, կողմերը վստահության կառուցման քայլեր կձեռնարկեն։