12 հունվարի 2024 - 12:06 AMT
Խոցելի խմբերի առողջության ապահովագրության վճարներն ամբողջությամբ կսուբսիդավորվեն

Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրումից հետո կառավարությունն ամբողջությամբ կսուբսիդավորի մինչև 18 տարեկան երեխաների, 63 ու դրանից բարձր տարիքի անձանց, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց ապահովագրավճարները։ Այդ մասին ասել է Հայաստանի առողջապահության նախարարի խորհրդական Սամվել Խարազյանը, հայտնում է Արմենպրեսը։

«Առաջին փուլում՝ 2024 թվականին, կընդգրկվեն մինչև 18 տարեկան երեխաները, հաշմանդամություն ունեցող անձինք, ընտանեկան նպաստի համակարգում հաշվառվածները և այլ պետական սոցիալական աջակցության համակարգում ներառված և ներկայումս պետական պատվերի շրջանակում անվճար բուժօգնություն ստացող անձինք, որոնց ընդհանուր թիվը կկազմի մոտ 1․3 միլիոն»,–ասել է նա։

Նա նշել է, որ կառավարությունը պատրաստակամ է նաև մասնակի սուբսիդավորել ամսական մինչև նվազագույն աշխատավարձի քառապատիկը եկամուտ ունեցող անձանց, գյուղացիական տնտեսությունում զբաղվածների, վերջիններիս փոխկապակցված անձանց ապահովագրավճարները։

Խարազյանն ասել է, որ առողջության համապարփակ ապահովագրության դեպքում կգործի մեկ միասնական փաթեթ, որը կունենա միևնույն տարեկան կամ ամսական դրույքաչափը ցանկացած քաղաքացու համար։

Պետական բյուջեից կսուբսիդավորվի ապահովագրական վճարը 100 տոկոսի, 60 տոկոսի, 50 տոկոսի, 40 տոկոսի և 20 տոկոսի չափով՝ կախված ապահովագրված անձի կարգավիճակից կամ ապահովագրության համակարգում ներառման հիմքերից։

«Ապահովագրությունը գործելու է վճարման հիմքով՝ յուրաքանչյուր ամիս, ըստ համապատասխան կարգավիճակի, անհրաժեշտ չափի ապահովագրական վճար կատարելու դեպքում։ Նախատեսվում է, որ հարկային գործակալ հանդիսացող գործատուների մոտ աշխատող անձանց փոխարեն ապահովագրավճարը կհաշվառվի և կփոխանցվի գործատուների կողմից, ինքնազբաղված անձինք դա կիրականացնեն ինքնուրույն, իսկ պետության կողմից ամբողջությամբ սուբսիդավորվող անձանց համար յուրաքանչյուր ամիս հատկացում կկատարվի պետական բյուջեից»,–ասել է նա։