20 հունվարի 2024 - 13:52 AMT
ՀՀ-ն ու Գերմանիան քննարկել են գործակցության հնարավորությունները հանքարդյունաբերության ոլորտում

Բեռլին կատարած այցի շրջանակում նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Տնտեսության և կլիմայի պաշտպանության նախարարության պետքարտուղար Ֆրանցիսկա Բրանտների հետ։ Կողմերը քննարկել են գերմանական ընկերությունների հետ համագործակցության հնարավորությունները, այդ թվում՝ հանքարդյունաբերության ոլորտում։

Քննարկվել են տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները, Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, ոլորտում արձանագրվող ցուցանիշներն ու զարգացման հեռանկարները։

Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մանրամասները։

Կառավարությունը մշակել և ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի առանցքում Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի միջև կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով: Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ճանապարհները, երկաթուղիները, օդային ուղիները, խողովակաշարերը, մալուխները և էլեկտրահաղորդման գծերը գործելու են այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնցով անցնում են։