23 հունվարի 2024 - 12:08 AMT
Հաջիզադե․ Բաքուն մերժում է Բորելի անհիմն մեղադրանքներն Ադրբեջանի հասցեին

Ադրբեջանի ԱԳՆ–ն արձագանքել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի այն հայտարարությանը, որ Ադրբեջանի նկրտումները ՀՀ տարածքի հանդեպ մտահոգիչ են։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն ասել է, թե Ադրբեջանը մերժում է Բորելի «անհիմն մեղադրանքներն Ադրբեջանի հասցեին» և մեղադրել է ԵՄ–ին երկակի ստանդարտների մեջ։

«ԵՄ բարձր ներկայացուցչի կողմից փաստերի խեղաթյուրումն Ադրբեջանի օրինական շահերի անտեսում է»,–ասել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։

Ըստ նրա, Ադրբեջանը միշտ հավատարիմ է եղել ՀՀ հետ բանակցություններին, խաղաղությաննն ու կայունությանը։

«Ամբողջությամբ խեղաթյուրելով Ադրբեջանի նախագահի արտահայտությունները, կապված Ադրբեջանի և Հայաստանի տարածքների վերաբերյալ պատմական փաստերի հետ, ԵՄ գերագույն ներկայացուցիչը ռազմատենչ և ագրեսիվ քաղաքականություն է բորբոքում Բաքվի դեմ»,–ասել է Հաջիզադեն։

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ՀՀ տարածքի և ինքնիշխանության ցանկացած խախտում լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի համար։ Բորելը հորդորել է Բաքվին վերադառնալ Երևանի հետ կառուցողական երկխոսությանը՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու նպատակով։

«Ալիևի տարածքային նկրտումները լուրջ մտահոգություն են առաջացնում։ Հայաստանի տարածքի և ինքնիշխանության ցանկացած խախտում լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների համար»,–ասել է նա։