«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը Գորիսում ՔՈԱՖ սմարթ կենտրոն կկառուցի: Պատասխանատուները Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին ներկայացրել են ծրագրի բովանդակությունը, սպասվելիք գործողությունները, հայտնում է Գորիսի համայնքապետարանը։
Սմարթ կենտրոնը գործելու է անվճար: Բնակավայրերի երեխաների տեղափոխությունը լինելու է անվճար, համայնքը ևս իր մասնակցությունը կունենա՝ հաշվի առնելով, որ սահմանամերձ բնակավայրերում այժմ էլ հանրային տրանսպորտն անվճար է:
ՔՈԱՖ Սմարթ կենտրոնի կառուցման համար համայնքն արդեն իրականացրել է հողահատկացում: Սմարթ կենտրոնը կառուցվելու է ֆուտբոլի մարզադաշտի հարևանությամբ, այն ունենալու է կրթական, մշակութային, մարզական, նաև գյուղատնտեսական ու սոցիալ-ձեռնարկատիրական բաղադրիչներ: Սմարթ կենտրոնի կառուցման մեկնարկի համար հայտարարվել է ճարտարապետի մրցույթ, միջազգային և տեղացի ճարտարապետները կաշախատեն նախագծի շուրջ՝ համայնքի հետ քննարկելով, որպեսզի կառուցվող շենքն իր կոլորիտով, ճարտարապետական լուծումներով համահունչ լինի քաղաքի ճարտարապետական տեսքին՝ չխախտելով բնական լանդշաֆտը:
Ավելի քան 6000 երեխա ու երիտասարդ հնարավորություն կունենան ներգրավվել ամենատարբեր ուղղվածությամբ կրթական ծրագրերում, այդ թվում՝ օտար լեզուներ, ձեռներեցություն, ճարտարագիտություն, աթլետիկա։ Հասանելի կլինեն նաև սոցիալական և հոգեբանական անվճար ծառայություններ, միջազգային փորձագետների կողմից կանցկացվեն դասընթացներ:
Սմաթ կենտրոնի կառուցման ծրագրում ներառված է նաև ֆուտբոլի դաշտի կապիտալ նորոգումը, այդ թվում՝ նոր մարզահրապարակների ստեղծում: Վարարակն գետի հարակից տարածքների ենթակառուցվածքները ևս բարելավվելու են, կկահավորվեն նաև հարակից տարածքները:
Ծրագրում համայնքը ևս իր ներդրումն ունի՝ դեպի Սմարթ կենտրոն տանող մոտեցման ճանապարհները հիմնանորոգվելու են, դեպի Հին Գորիս գյուղ ճանապարհի կապիտալ նորոգման աշխատանքները կմեկնարկեն հաջորդ շաբաթ: Ծրագրի ղեկավարների հետ հանդիպումից հետո Գորիս համայնքի ղեկավարի հետ միասին հյուրերը շրջայց են կատարել Գորիս համայնքում և այցելել մշակութային հաստատություններ, թանգարան, պատմամշակութային վայրեր: