ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասուլիսում հայտարարել է, որ հունվարի 23–ի դրությամբ ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների կամ արտաքին գործերի նախարարների միջև հանդիպում կազմակերպելու ջանքեր կան միջնորդների կողմից, բայց պայմանավորվածություններ չկան։
Նա նշել է, որ սահմանին հանդիպելու առաջարկ չի հիշում, լսել է գաղափար, այդպիսի առաջարկ ստանալու դեպքում կդիտարկեն այն, հայտնում է «Ազատությունը»։
Սահմանին ԱԳ նախարարների ուղիղ բանակցություններ անցկացնելու մասին 2023–ի վերջին խոսել էր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Դրան հաջորդել էր Իլհամ Ալիևի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը, թե յուրաքանչյուր ձևաչափն ունի իր առավելությունները, բայց նախընտրում են ուղիղը։
Նախարարը հավելել է, որ Հայաստանի համար սկզբունքային չէ՝ բանակցել միջնորդներով, թե ուղիղ։
«Համարում եմ ֆորմատի հարցը փոքր-ինչ արհեստական է, ՀՀ-ն պատրաստ է բանակցությունները շարունակել»,–ասել է նա։
Հայտարարելով, որ Հայաստանը հավատարիմ է մնում խաղաղության օրակարգին՝ Միրզոյանը հույս է հայտնել, որ Ադրբեջանը շուտով կվերադառնա կառուցողական դաշտ, և կհաջողվի ավարտին հասցնել վաղուց սկսած խաղաղության գործընթացը։ Հայկական կողմը, նրա փոխանցմամբ, ունի տպավորություն, որ Բաքուն ունի խնդիրները սրելու քաղաքական կամք։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի։ Ըստ նրա, ադրբեջանական բեռներն ու ուղևորները պետք է ՀՀ տարածքը հատեն առանց որևէ ստուգման։ Բաքուն կտրականապես դեմ է, որ Ադրբեջանի և ՀՀ միջև սահմանազատումն իրականացվի 1975 թվականի քարտեզի հիման վրա։
Ալիևը հայտարարել է, որ Բաքուն մտադիր չէ հայելային սկզբունքով հետ քաշել զորքերը Հայաստանի հետ սահմանից՝ հավելելով, որ ոչ մի քայլ չեն նահանջելու 2021–ի մայիսին և 2022–ի սեպտեմբերին գրաված դիրքերից:Ալիևը նաև առաջ է քաշել «8 գյուղերի վերադարձի» հարցը։