5 մայիսի 2009 - 22:17 AMT
«Ճանապարհային քարտեզի» հրապարակումը չեզոքացնում է Ղարաբաղյան հարցում Թուրքիայի գործոնը
Այսօր տեղի ունեցած համատեղ մամլո ասուլիսի ընթացքում «Եվրոպական ինտեգրում» կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը եւ ԱՊՀ երկների ինստիտուտի երեւանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքականագետ Ալեքսանդր Մարկարովն իրենց տեսակետն են հայտնել հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ:

«Հայ-թուրքական հարաբերությունները կարեւոր հարց են Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում: Կարելի է ասել, որ վերջին տարվա իրադարձությունները ցույց են տվել այդ հարցում որոշ դրական բեկում` սկսած «ֆուտբոլային դիվանագիտությունից», վերջացրած` «ճանապարհային քարտեզի» ստորագրումով: Թե ինչպես կզարգանան հայ-թուրքական հարաբերությունները հետագայում, մենք կտեսնենք հենց մերձեցման գործընթացում, տվյալ պահին այդ ուղղությամբ կարել է փաստել միայն դրական միտումներ», - հայտարարել է Մարկարովը:

Կարեն Բեքարյանը, սակայն, նշել է, որ հարցը կարելի է բաժանել երկու մասի: «Հայաստանում կա երկու դիրքորոշում.մեզ հարկավոր են որեւէ հարաբերություննր Թուրքիայի հետ, թե ոչ», - նշել է նա եւ ընդգծել, որ այդ հարցին պատասխանելուց հետո կարելի է պատասխաններ փնտրել նաեւ հայ-թուրքական մերձեցման մարտահրավերներին: «Իրավիճակը, երբ հարեւանները հարաբերություններ չունեն միմյանց հետ, չի կարող բնական լինել: Սակայն հարցի մյուս կողմը` այն, թե ինչպես են ձեւավորվում հարաբերությունները, իր մեջ ներառում է Հայաստանի համար բազմաթիվ արդիական եւ նշանակալից երեւույթներ», - հայտարարել է նա:

«Ես գրեթե վստահ եմ, որ «Ճանապարհային քարտեզի» հրապարակումից հետո նախապայմանների թուրքական քաղաքականություն կվերացվի», -հայտարարել է նա: Կարեն Բեքարյանը վստահ է, որ այդ փաստաթղթում ոչ մի ավելորդ բան չկա` բացի երկկողմ հարաբերությունների քննարկումից: Դա, նրա կարծիքով, խոսում է այն մասին, Ղարաբաղյան հիմնախնդրում Թուրքիայի գործոնը նույնպես չեզոքացվել է: