27 հունվարի 2024 - 15:08 AMT
Բայրամով․ Սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը կլինի առաջիկա օրերին

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ առաջիկա օրերին տեղի կունենա Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հերթական հանդիպումը։

Նա նշել է, որ երկու երկրների միջև «սահմանի որոշման հարցը ՀՀ և Ադրբեջանի միջև հետկոնֆլիկտային իրավիճակի կարևոր բացադրիչներից մեկն է», հայտնում է Trend-ը։

Բաքուն կտրականապես դեմ է, որ Ադրբեջանի և ՀՀ միջև սահմանազատումն իրականացվի 1975 թվականի քարտեզի հիման վրա։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա նաև ասել է, թե Բաքուն մտադիր չէ հայելային սկզբունքով հետ քաշել զորքերը Հայաստանի հետ սահմանից՝ հավելելով, որ ոչ մի քայլ չեն նահանջելու 2021–ի մայիսին և 2022–ի սեպտեմբերին գրաված դիրքերից:Ալիևը նաև առաջ է քաշել «8 գյուղերի վերադարձի» հարցը։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հարցազրույցին, նշել է, որ էական հետընթաց կա և հարված խաղաղության գործընթացին՝ մի շարք առանցքային հարցերում։