5 մայիսի 2009 - 22:38 AMT
Շուտով Վաշինգտոնը կիմանա այն մասին, արդյո՞ք «ճանապարհային քարտեզը» ստորագրվել էր առանց նախապայմանների, թե ոչ
Այսօր արդեն պարզ է դարձել, որ տարբեր գործոններ գոյություն ունեն, որոնք հանգեցրել են նրան, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի ասել «Ցեղասպանություն» բառն ապրիլի 24-ի իր ելույթում: Այդ գործոններից ամենակարեւորն այն է, որ ԱՄՆ վարչակազմը հետապնդում էր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման նպատակ: Այդ համատեքստում շուտով պարզ կդառնա, թե Բարաք Օբամայի կողմից «ցեղասպանություն» տերմինի ակնհայտ օգտագործումն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վկայակոչումն արդարացված ռիսկ էր, թե ոչ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է Հայոց ցեղասպանության ամերիկյան թանգարանի շինարարության գծով հոգաբարձուների կոմիտեի նախագահ, Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի անդամ Վան Կրիկորյանը:

«Այդպիսով, ԱՄՆ վարչակազմը, ավելի շուտ խանգարել, քան օգնել է ցեղասպանությունների կանխման գլոբալ գործընթացին, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Առաջիկա 6 ամսվա ընթացքում Բարաք Օբամայի վարչակազմը կարող է գնահատել, արդյո՞ք «ճանապարհային քարտեզը» Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրվել էր առանց նախապայմանների, թե ոչ», - ընդգծել է ԱՀՀ հոգաբարձուների խորհրդի անդամը:

Վան Կիրկորյանի խոսքերով, չի կարելի հաշվի չառնել այն փաստը, որ ԱՄՆ վարչակազմի որոշ պաշտոնական ներկայացուցիչներ համամիտ չէին նախագահի հետ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: «Գիտակցաբար կամ ոչ գիտակցաբար, այդ մարդիկ դարձել եմ ցեղասպանությունների հերքման քաղաքականության մի մասը, որը տեւում է արդեն մի քանի տասնամյակ: Նրանցից շատերին վճարում են դրա համար, իսկ ոմանք դեռ սպասում են վճարման ցեղասպանությունների հերքման դիմաց», - նշել է Կրիկորյանը: Նրա խոսքերով, քաղաքական իրադրությունն ու ԱՄՆ-ի վրա Թուրքիայի գործադրած ճնշումը նույնպես իրենց դերն են խաղացել այն բանում, որպեսզի Օբաման չասի «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը:

«Միեւնույն ժամանակ, ինձ թվում է, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ: Ու թեեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացների միջեւ ոչ մի կապ չպետք է լինի, այնուամենայնիվ, զգացվում է, որ այդ բանակցությունները զուգահեռ են ընթանում», - հայտարարել էնա: Վերջում, Վան Կրիկորյանը նշել է, որ չնայած Բարաք Օբամայի հայտարարությանը, ԱՄՆ վարչակազմը մտադիր չէր վնասել սեփական անցյալի հետ համաձայնության գալու Թուրքիայի քաղաքացիական հասարակության ջանքերին: