27 հունվարի 2024 - 15:49 AMT
Բայրամով․ Բաքուն ստացել է ՀՀ–ից խաղաղության պայմանագրի մասին առաջարկությունների փաթեթը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը ստացել է ՀՀ–ից խաղաղության պայմանագրի մասին առաջարկությունների փաթեթը։

«Հունվարի սկզբին մենք ստացել ենք Հայաստանից խաղաղության գործընթացի հետ կապված առաջարկների փաթեթը։ Այժմ աշխատում ենք պատասխան առաջարկների վրա»,–ասել է նա, գրում է APA-ն։

Նա հավելել է, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ պատասխան առաջարկները Երևանին կփոխանցվեն առաջիկա օրերին։

Հունվարի 25-ին Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել էր, որ պաշտոնական Երևանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ վերջին՝ Հայաստանի կողմից հունվարի 4-ին ուղարկված առաջարկների շուրջ ադրբեջանական կողմի պատասխանը դեռ չի ստացել:

Առանց դեմ առ դեմ բանակցությունների Երևանն ու Բաքուն շարունակում են փաստաթղթի փոխանակումը: Դեկտեմբերին 25-ին Երևանը ստացել էր ադրբեջանական առաջարկները, տասն օր էլ չանցած Բաքվին էին փոխանցվել հայկական կողմի դիտարկումները: Ադրբեջանի վերջին առաջարկները ստանալուց հետո պաշտոնական Երևանը հայտարարել էր, թե դրանում որոշակի հետընթաց կա: