5 մայիսի 2009 - 23:15 AMT
Իսրայելի ԱԳՆ ղեկավարն առաջարկել է միջազգային հանրությանը երեք ամիս տալ Իրանին
Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է 3 ամիս տա Իրանին:
Ըստ Լիբերմանի, այդքանը բավական է, որպեսզի դիվանագիտական պատժամիջոցներն ազդեն եւ Իրանը որոշում կայացնի իր միջուկային ծրագրից հրաժարվելու վերաբերյալ:
Լիբերմանը նաեւ խնդրել է Բերլուսկոնիին փորձել համոզել Ռուսաստանին դադարեցնել հարաբերությունները ՀԱՄԱԶ-ի եւ «Հեզբոլլահի» հետ` պարզաբանելով, որ «այդպիսով ՌԴ-ն սատարում է ահաբեկչական խմբավորումներին, որոնք գործում են Արեւմուտքի շահերի դեմ Մերձավոր Արեւելքում»:
Լիբերմանն ընդգծել է, որ Իսրայելը կցանկանար շարունակել բանակցությունները Պաղեստինի վարչակազմի հետ եւ առաջարկել է Իտալիայի վարչապետին այցելել Իսրայել:
Իսրայելի նոր արտգործնախարարն իր առաջին ուղեւորությունն է կատարել պաշտոնը ստանձնելուց հետո: Նրա քառօրյա եվրոպական ուղեւորությունը, Իտալիայից բացի, ներառում է նաեւ Չեխիայի Հանրապետությունը, Ֆրանսիան ու Գերմանիան, հաղորդում է MIGnews.com-ը: