«Պաշարված Լենինգրադի երեխաների» հիշատակին կանգնեցված հուշակոթողի հետ կապված միջադեպի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այդ մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
ՔԿ-ն ՆԳՆ-ից հունվարի 30-ին ստացել է հաղորդում՝ Երևանի Վ․ Դավթյանի անվան այգում «Պաշարված Լենինգրադի երեխաների» հիշատակին կանգնեցված հուշակոթողի մոտ մեկ անձի կողմից կատարված առերևույթ խուլիգանական գործողությունների վերաբերյալ համացանցում և սոցիալական կայքերում տարածված տեսանյութի վերաբերյալ։
Արաբկիրի քննչական բաժնում ՔՕ 297-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «խելագարություն» է անվանել հուշակոթողի հետ կապված միջադեպը և հավելել, որ երկու երկրի իրավապահները պետք է շատ արագ արձագանքեն, գրում է «Վզգլյադը»։
Զախարովան նաև ասել է, որ «Լենինգրադի պաշարումը իրավաբանորեն որակված է»։
«2022–ի հոկտեմբերի 20–ին Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանը ցեղասպանություն է ճանաչել 1941-1944թթ․ նացիստական Գերմանիայի զորքերի կողմից Լենինգրադի շրջափակումը»,–ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հունվարի 12–ի ճեպազրույցում ասել է, որ ԼՂ–ում հայերի էթնիկ զտման փաստը փաստաթղթավորված չէ և պետք է «փաստեր ներկայացնել»։ Հունվարի 27-ին քաղաքացի Սամվել Շիրինյանը Երևանում պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանի մոտ պոկել և տրորել է ՌԴ դրոշը խորհրդանշող ժապավենները, տապալել ծաղկեպսակները և Ռուսաստանի հասցեին վիրավորական մեկնաբանություններով տեսանյութը հրապարակել «Tik Tok» սոցիալական ցանցում։
Տղամարդը հարց է ուղղել Զախարովային, իսկ փաստաթուղթ կա, որ Լենինգրադում շրջափակում է եղել, որ Հայաստանում էլ հուշարձան են դրել և սգում են: «Լենինգրադի պաշարման մասին որևէ փաստաթուղթ չկա»,–ասել է Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում։
Զախարովան ասել է նաև, որ Ռուսաստանը ՀՀ իշխանություններից հստակ արձագանք է ակնկալում հուշարձանի մոտ տեղի ունեցած վանդալիզմի կապակցությամբ։
Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ քաղաքացի Սամվել Շիրինյանի գործողությունները ստուգելու խնդրանքով: Դատախազությունն ընթացք է տվել օրենքով սահմանված կարգով: