Հակակոռուպցիոն դատարանը էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ կիրառել է խափանման միջոց տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով: Դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը։
Հունվարի 31-ին Անի Իսպիրանն ազատվել էր ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից։ Նույն օրը ԱԱԾ–ն ու ՔԿ–ն խուզարկություններ կատարեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում (ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրում), ձերբակալվեց 7 անձ, այդ թվում՝ Անի Իսպիրյանը։
Անի Իսպիրյանն իր պաշտպանի հետ դուրս է եկել դատարանից, հայտնում է «Առավոտը»։
Իսպիրյանի պաշտպան Մամիկոն Մուրադյանն ասել է, որ այս փուլում միայն կարող է ասել, թե դատարանն ինչ խափանման միջոց ընտրեց:
Այն հարցին, թե Իսպիրյանն ընդունո՞ւմ է առաջադրված մեղադրանքը, պաշտպանը չի պատասխանել, նաև չի պարզաբանել, թե ինչ հիմքով իր պաշտպանյալի նկատմամբ կիրառվեց մեղմ խափանման միջոց՝ տնային կալանք, իսկ այս գործով անցնող այլ կանանց նկատմամբ, որոնք ունեին 2 և 4 տարեկան անչափահաս երեխաներ, կիրառվեցին խիստ խափանման միջոցներ՝ կալանք:
Մինչև դատարանը որոշում կկայացներ՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Հանրային հեռուստաընկերությանը փետրվարի 1–ին տված հարցազրույցում հանդես էր եկել Անի Իսպիրյանի պաշտպանությամբ՝ հայտարարելով, թե որպես անձնավորություն՝ նա անբասիր է։
«Անի Իսպիրյանը Ռուսաստանից վերադարձել է Հայաստան 2020 թվականին 44-օրյա պատերազմի ժամանակ։ Դա, իմ կարծիքով, շատ հայանվեր քայլ է և ես կարող եմ ասել, որ վերջին 3 տարվա իմ համատեղ աշխատանքի հետ, միայն ամրապնդել է իմ վերաբերմունքը իր նկատմամբ»,–ասել է նա։
Նա նաև հայտարարել էր, թե կստանձնի պատասխանատվություն, եթե ապացուցվի, որ Անի Իսպիրյանը մեղավոր է։
«Ես ձեզ պետք է ասեմ, որ Անի Իսպիրյանի դրվագով ընդհանրապես բյուջեի միջոցներ չեն ծախսվել, այսինքն` թե ինչ վնասներ է հասցվել պետությանը, ինչպիսի սխալ ծախսեր են կատարվել, ով է դրա համար կաշառք վերցրել, ոչ մի նմանատիպ հարց չկա ու չի էլ կարող լինել։ Պետք է լինի այնպես, որ ավելացնենք ոչ թե ձերբակալությունները, այլ մեղադրական ակտերը։ Ո՞ւր են մեղադրական ակտերը։ Եթե կան մեղադրական ակտեր, ապա եկեք շնորհակալություն հայտնենք մեր Քննչական մարմիններին։ Այս պահին եղած մեղադրանքը և իմ գիտելիքները թույլ են տալիս, որ ես ասեմ, որ մեր գործողություններում ոչ մի անօրինականություն չկա։ Մենք բացառապես օրենքի տառին համաձայն ենք շարժվել։ Իմ համար մարդը մեղավոր է, երբ որ իր նկատմամբ մեղադրական ակտ կա»,–ասել է նախարարը։
Քննչական կոմիտեն հայտնել է, որ նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մրցույթի մասնակից N բաժնետիրական ընկերության տնօրենի և աշխատակիցների դրդմամբ և օժանդակությամբ, մրցույթին այդ ընկերության հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ N 526-Ն որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են մրցույթին վերջինիս մասնակցությունն իբր անհնար դարձնող պայմաններ, նրան ապօրինաբար դիտել որպես մրցույթի պայմաններին չհամապատասխանող ու փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից մոտ երեք անգամ ավել՝ ավելի քան 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը: