ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն Ազգային ժոզղովում, անդրադառնալով «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» վերանվանելու քննարկումներին, ասել է, որ մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում և դպրոցներում պետք է անցեն Հայաստանի պատմությունը։
Նա անհեթեթ է համարել այն դիտարկումները, թե Հայաստանի պատմություն կոչելով՝ առարկայից դուրս է մնալու այն բովանդակությունը, որը կազմում է մեր պատմության մասը՝ բովանդակությունը նույնն է՝ անկախ անվանումից, հայտնում է Panorama.am-ը։
Նախարարը նշել է, որ այս հարցն արդեն մի քանի անգամ քննարկվել է մասնագիտական շրջանակների հետ. ակադեմիական որոշ շրջանակներ հարցին անդրադարաձել էին անկախությունից հետո, երբ որ ընդհանրապես առարկայի վերաիմաստավորման խնդիր են դրել, այնուհետև ավելի լայն քննարվել է, երբ հանրակրթության պետական չափորոշիչն էր նոր քննարկվում։
«Անվանումն այն մեթոդաբանական դիտանկյունն է, որով մենք մոտենում են պատմության ուսուցանմանը։ Ամեն երկրում պատմության ուսուցանումն առաջին հերթին այդ պետության երկրի քաղաքացիների ձևավորման գործընթաց է և առաջնահերթ է, որպեսզի պատմության ուսուցանումը կազմակերպվի և կառուցվի պետության առանցքի շուրջ՝ անկախ նրանից, այդ ժամանակահատվածներում պետությունը եղել է, թե չի եղել»,- ասել է Անդրեասյանը։
Նա նշել է, որ ժամանակը կարճ է, այլապես կարող էր կոնկրետ օրինակներով ցույց տալ այսօրվա մեր դասագրքերի խնդիրները, «որոնք հենց պետական մտածողության բացակայություն են սերմանում մեր աշակերտների մոտ և այն լուծումները, որոնք կունենանք նոր տարբերակի պարագայում»։
Փետրվարի 6–ին իրավական ակտերի միասնական հարթակում ավարտվում է «Հայոց պատմությունը» «Հայաստանի» պատմությամբ փոխարինելու որոշման վերաբերյալ հանրային քննարկումը: Պատմաբաններից շատերը դեմ են արտահայտվել նախագծին։