7 փետրվարի 2024 - 13:33 AMT
Ալիևները քվեարկել են ամայի Ստեփանակերտում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան, և ընտանիքի մյուս անդամները քվեարկել են ադրբեջանական ագրեսիայի և հայերի էթնիկ զտման արդյունքում ամայացած Ստեփանակերտում, որտեղ ընտրատեղամաս է բացվել։

Նշվում է, որ նրանք քվեարկել են թիվ 14 ընտրատեղամասում։

Փետրվարի 7–ին Ադրբեջանում անցնում են նախագահական ընտրություններ։

Որոշ լրատվամիջոցներ նշում են, որ Ալիևը և նրա ընտանիքը քվեարկել են ընտրական օրենքի խախտմամբ, քանի որ քաղաքացիներին օրենքն արգելում է քվեարկել այլ ընտրատարածքներում, բացառությամբ այն ընտրատարածքների, որտեղ նրանք ժամանակավոր գրանցված են, հայտնում է Aysor.am-ը։

Ավելի վաղ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելությունը միջանկյալ զեկույց էր հրապարակել Ադրբեջանում փետրվարի 7-ի արտահերթ նախագահական ընտրությունների վերաբերյալ՝ նշելով, որ Ադրբեջանում ընտրություններն անցնում են առանց իրական մրցակցության, ԶԼՄ–ների հանդեպ իշխանությունների ճնշման և ՀԿ–ների կողմից դիտարկման համար խոչընդոտների պայմաններում:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

Photo. AFP