8 փետրվարի 2024 - 13:51 AMT
ՌԴ ԱԳՆ․ ՀՀ-ն դժվար թե հրաժարավի ԵԱՏՄ անդամությունից՝ դա հակասում է նրա շահերին

ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը, նշելով, որ հունվարի 1–ից նախագահությունը ԵԱՏՄ–ում անցել է ՀՀ–ին, ասել է, որ Հայաստանը դժվար թե հրաժարավի ԵԱՏՄ անդամությունից՝ դա նրան ձեռնատու չէ, հակասում է շահերին։

Նա նշել է, որ գործակցությունը ԵԱՏՄ շրջանակում արդյունավետ է Հայաստանի համար, երկիրը վերջին տարիներին միության առաջատարն է այնպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են ՀՆԱ-ի աճը, հիմնական կապիտալում ներդրումները, կատարված շինաշխատանքների ծավալը և այլն, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Այս ամենը մեծապես հնարավոր է դարձել միության ներսում միասնական շուկայի, աշխատանքային ռեսուրսների տեղաշարժի ազատության, ձեռնարկությունների բացման ընթացակարգի պարզության, էներգակիրների մատակարարման արտոնյալ պայմանների և այլնի շնորհիվ: Այսպիսով, տնտեսական տեսանկյունից Միությանն անդամակցությունը, անշուշտ, ձեռնատու է Երևանին, և դրանից հրաժարվելը, մեր կարծիքով, կհակասի երկրի շահերին»,- ասել է դիվանագետը։

Պանկինը հավելել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացված առաջնահերթությունները համահունչ են ՌԴ մոտեցումներին։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ–ն շարունակում է զարգացնել ԵԱՏՄ հետ փոխգործակցությունը տնտեսական համագործակցության շրջանակներում՝ «փորձելով ճնշել եվրասիական ինտեգրումը քաղաքականացնելու բոլոր փորձերը»։