9 փետրվարի 2024 - 12:01 AMT
Ֆրանսիայի դեսպանը՝ Գեղարքունիքի մարզպետին․ Պատրաստ ենք աջակցել կենսական նշանակության շատ ծրագրերում

Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է, որ Ֆրանսիան պատրաստ է աջակցել կենսական նշանակության շատ ծրագրերում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են անվտանգային, տնտեսական, առողջապահական ու կրթամշակութային ոլորտներում ընթացող համագործակցության խորացմանն ու ամարպնդմանն ուղղված հարցեր։

Գեղարքունիքի մարզպետը դեսպանին է ներկայացրել Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի միջև հաստատված համագործակցության ծրագրերի շրջանակները, արդյունքները և առաջիկա անելիքները՝ շեշտելով, որ կրթության, մշակույթի, տուրիզմի, առողջապահության ոլորտներում երկար տարիներ կողմերի ջանքերով իրականացվել են բազմաթիվ ու բազմազան ծրագրեր, իսկ տևական համագործակցությունը վերածվել է ամուր բարեկամության։ Փոխադարձ այցերին գումարվել են նաև հեռավար կարգով քննարկումները, որոնց ընթացքում առաջ են քաշվում ծրագրային նոր նախագծեր, համագործակցային նոր ուղղություններ։

Դըկոտինյին ևս բարձր է գնահատել Գեղարքունիք-Իզեր համագործակցության արդյունքներն ու ձեռք բերված անքակտելի բարեկամությունը՝ կարևորելով տնտեսական ու մշակութային կապերի հետագա ընդլայնումն ու նոր ծրագրերի իրականացումը։

«Մենք պատրաստ ենք համագործակցել նաև մշակույթի, կրթության, առողջապահության, գյուղատնտեսության, քաղաքաշինության ու այլ ոլորտներում, աջակցություն ցուցաբերել կենսական նշանակության շատ ծրագրերում, մանավանդ, եթե խոսքը վերաբերում է սահմանամերձ բնակավայրերի ամրապնդմանն ու զարգացմանը»,- ասել է դեսպանը։

Սարգսյանը տեղեկացրել է, որ այժմ Մարտունի համայնքի Ծովինար գյուղում Գեղարքունիք-Իզեր համագործակցության շրջանակներում հիմնանորոգվում է գյուղի բուժամբուլատորիայի շենքը, որի աշխատանքները ավարտի կհասցվեն 2024 թվականի ապրիլի կեսերին։

Օլիվիե Դըկոտինյին խոստացել է Գեղարքունիքի մարզպետի հետ համատեղ բացել հիմնանորոգված բուժամբուլատորիան, միաժամանակ աջակցություն ցուցաբերել այն բոլոր խնդիրներում, որի անհրաժեշտությունը կառաջանա։ Հանդիպման ավարտին Կարեն Սարգսյանը դեսպանին նվիրել է Սևանավանքը պատկերող կտավը։

Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել Գեղարքունիքի մարզում։