9 փետրվարի 2024 - 13:06 AMT
Պետդեպ․ ԱՄՆ–ն կիսում է ԵԱՀԿ մտահոգություններն ու կոչ անում Բաքվին կատարել իր պարտավորությունները

ԱՄՆ Պետդեպարտամենտն արձագանքել է արդեն 5–րդ անգամ Ադրբեջանի նախագահի պաշտոնում Իլհամ Ալիևի ընտրվելուն՝ նշելով, որ կիսում է ԵԱՀԿ մտահոգություններն ու կոչ անում Բաքվին կատարել իր պարտավորությունները։

«Մենք կիսում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտարկումներն ու մտավախություններն այն մասին, որ նախագահական ընտրություններն անցել են սահմանափակումներով, իրական մրցակցության բացակայության պայմաններում»,–ասել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը, հայտնում է Turan-ը։

Պետդեպի ներկայացուցիչը նշել է, որ Ադրբեջանն իր հավատարմությունն է հայտնել հիմնարար ազատություններին և ժողովրդավարական գործընթացներին իր Սահմանադրությամբ:

«Կոչ ենք անում Ադրբեջանին կատարել այդ պարտավորությունները և ԺՀՄԻԳ-ի նախորդ և առաջիկա հանձնարարականները»,- ասել է նա։

ԵԱՀԿ-ի դիտորդները Բաքվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել են, որ փետրվարի 7–ին Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրություններն անցել են լուրջ խախտումներով։ ԵԱՀԿ և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ համատեղ զեկույցում ասվում է, որ ընտրությունները զուրկ էին քաղաքական մրցակցությունից, քննադատական ձայները լռեցվում էին։ Նշվել է, որ հավաքների ազատության և կարծիքի արտահայտման բազմամյա սահմանափակումները էլ ավելի են սաստկացել օրենսդրական փոփոխությունների արդյունքում, որոնք չեն համապատասխանում միջազգային ժողովրդավարական չափանիշներին: