16 փետրվարի 2024 - 13:27 AMT
Քերոբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ 2 ամսով

Հակակոռուպցիոն դատարանը որոշում է կայացրել ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել տնային կալանքը։

Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածով՝ «Սիներջի» ընկերության հետ կապված գործով։ Քերոբյանը մեղադրանքը չի ընդունում:

Փետրվարի 15–ին Քերոբյանին հրավիրել էին Քննչական կոմիտե ու մեղադրանք առաջադրել։ Նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան:

Փետրվարի 14-ին Քերոբյանը հայտնեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատման մասին:

Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում կատարված առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 8 անձի նկատմամբ, որից 5-ը Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք են: Քննչական կոմիտեն նշել է, որ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները»։