20 փետրվարի 2024 - 13:20 AMT
Թովմասյան․ Արցախի ԱԺ–ն գործելու է` օրենքներ չենք ընդունելու, բայց որոշումներ, հայտարարություններ լինելու են

Արցախի ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանն Արցախյան շարժման 36-ամյակին ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ազգային ժողովը գործելու է։

«Ազգային ժողովը գործելու է, թեկուզ օրենքներ չենք ընդունելու, բայց որոշումներ, հայտարարություններ լինելու են»,–ասել է նա, գրում է Aysor.am-ը։

Թովմասյանն ասել է, որ միշտ տաք պահելու համար Արցախի թեման, պետք է ունենանք հզոր Հայաստան և հզոր սփյուռք, այսօր այդ եռամիասնությունը շատ կարևոր է։

«Մենք ունենք երկու ճանապարհ․ մեկը հայրենասիրությունն է, մյուսը՝ ներկա իրողությունները։ Կարծում եմ, որ ներկա իրողություններով պետք է առաջնորդվենք, որպեսզի վնաս չհասցնենք Հայաստանի և Արցախի մեր հայրենակիցներին»,-ասել է Թովմասյանը։

Ինչ վերաբերում է արցախահայության Արցախ վերադարձին՝ Արթուր Թովմասյանն ասել է, թե միջազգային երաշխիքներ են պետք դրա համար, քանի որ անվտանգության հարցեր կան։

«Արցախցիները չեն կարող վերադառնալ որպես Ադրբեջանի քաղաքացիներ, դա անհնար է»,–ասել է նա։

Ադրբեջանը 2023-ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։