21 փետրվարի 2024 - 10:32 AMT
Փաշինյան․ Բուհերի շենքերը կարելի է վարձով տալ և եկամուտն ուղղել Ակադեմիական քաղաքի ֆինանսավորմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում 2023–թ գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ անդրադարձել է նաև Ակադեմիական քաղաքի իրականացմանը, մինչ այժմ կատարված աշխատանքներին և նախատեսվող քայլերին:

Նա կարևորել է Ակադեմիական քաղաքում տեղակայվող բուհերի նախկին շենքերի արդյունավետ կառավարումը՝ նշելով, որ այդ շենքերը կարող են վարձակալության տալ և ամբողջ եկամուտն ուղղել «Ակադեմիական քաղաքի» ֆինանսավորմանը:

«Գուցե մեզ հարկավոր է նաև այսօրվանից գտնել ընկերություն, ով կտա հետագայում բուհական ֆիզիկական ենթակառուցվածքի կառավարման սխեմա, որովհետև մենք հիմա մտածում ենք, որ Երևանում ինչքան պետական բուհական շենք կա, այդ բուհական շենքերը կարող են կենտրոնացվել և կառավարվել: Այսինքն՝ վարձակալության տրվի և այլն, և ամբողջ եկամուտն ուղղի Ակադեմիական քաղաքի ֆինանսավորմանը:

Կարծում եմ՝ այդ գույքի կառավարումն էլ է շատ լուրջ խնդիր, և պետք է մասնագիտացված միջազգային հեղինակություն ունեցող ցուցակված ընկերություն գտնենք, ով գա և մեզ սխեմա առաջարկի, թե ինչպես է պետք կառավարել այդ ենթակառուցվածքը»,- ասել է Փաշինյանը, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը:

Ակադեմիական քաղաքը նախատեսվում է կառուցել մինչև 2030 թվականը։ Ծրագիրը հաստատվել է կառավարության մարտի 16-ի նիստում։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կրթական զարգացման ծրագրի իրականացման արդյունքում ՀՀ 4 բուհ կներառվի միջազգային վարկանիշավորման համակարգերի 500–յակում։