21 փետրվարի 2024 - 13:10 AMT
2023–ին Թուրքիայի քաղաքացիները 3 բնակարան են ձեռք բերել Երևանում

Թուրքիայի քաղաքացիները 2023 թվականի ընթացքում Հայաստանում 3 բնակարան են ձեռք բերել բազմաբնակարան բնակելի շենքերում, բոլորը` Երևանում։ Այդ մասին հայտնել են կադաստրի կոմիտեից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Կադաստրի կոմիտեից տեղեկացրել են նաև, որ Ադրբեջանի քաղաքացիները 2023-ին անշարժ գույք ձեռք չեն բերել ՀՀ–ում, մինչդեռ 2022-ին 2 անշարժ գույք էին գնել, մեկը Երևանում, մյուսը Լոռու մարզում (1 անհատական բնակելի տուն)։

«Հայաստանի Հանրապետությունում Թուրքիայի քաղաքացիների կողմից 2023 թվականին վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքի 2 բնակարան Երևան քաղաքում և 1 հողամաս Արարատի մարզում: Նույն այդ ժամանակահատվածում Ադրբեջանի քաղաքացու կողմից վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքի 1 բնակարան»,– հայտնել են կոմիտեց` չհստակեցնելով այդ երկրների քաղաքացիների ազգությունը:

Կադաստրի կոմիտեի ավելի վաղ հրապարակված տվյալներով ՀՀ անշարժ գույքի շուկայում օտարերկրյա քաղաքացիների կողմից 2023 թվականին իրականացվել է առուվաճառքի 4479 գործարք։ 1492-ի դեպքում օտարերկրացիները գնորդ են եղել, 2834-ի դեպքում վաճառող, իսկ 153-ի դեպքում` 2 կողմն էլ հանդիսացել են օտարերկրյա քաղաքացիներ։

Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձինք առաջին անգամ Հայաստանում անշարժ գույք են գնել 2005 թվականին, իսկ Ադրբեջանի քաղաքացիություն ունեցողները` 2012-ին։