ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, անդրադառնալով հայ–ադրբեջանական կարգավորմանը, ասել է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև սակավաթիվ հարցեր են մնացել համաձայնեցնելու։
Նա հավելել է, որ Վաշինգտոնը շարունակում է խրախուսել Ադրբեջանին և Հայաստանին խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։ Նա նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հենց այդ հարցն է քննարկել այդ երկու երկրների ղեկավարների հետ Մյունխենում իր հանդիպումների ժամանակ։
Այն հարցին, թե պետքարտուղարը դեռ հավատո՞ւմ է, որ խաղաղությունը հասանելի է, Միլլերը դրական է պատասխանել։
«Նա նախկինի պես հավատում է, որ խաղաղությունը հասանելի է, և պետքարտուղարը դա քննարկել է երկու երկրների ղեկավարների հետ՝ կոչ անելով նրանց միասին աշխատել՝ հաղթահարելու մնացած սակավաթիվ խնդիրները»,- ասել է Միլլերը։
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել անձամբ պարոն Բլինքենի ջանքերը բանակցային գործընթացին ու երկխոսությանն աջակցելու, Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման ուղղությամբ: Վարչապետը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ գնալ կոնկրետ լուծումների, մասնավորապես, արդեն իսկ միջազգային հարթակներում գրավոր կերպով հրապարակային արձանագրված սկզբունքների հիման վրա: Էնթոնի Բլինքենն ընդգծել է ԱՄՆ պատրաստակամությունը շարունակելու ջանքերը բանակցային ու խաղաղ գործընթացին և երկխոսությունը շարունակելու հույս հայտնել: