Ֆրանսիայի ԶՈւ նախարար Սեբաստիեն Լըկորնյուն ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ շուտով Հայաստանին կմատակարարվեն ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաները։ Նա նաև հավելել է, որ եթե Հայաստանը կարճ, միջին և այլ հեռահարության ՀՕՊ հրթիռների կարիք ունենա, ապա դրանք ևս կմատակարարվեն։
Անդրադառնալով Հայաստանին ֆրանսիական սպառազինությունների վաճառքին՝ նախարարը շեշտել է, որ դրանք բոլորն էլ պաշտպանական նշանակության են, գրում է Sputnik Արմենիան։
«Այս տարածաշրջանում առաջնահերթ է և՛ բնակչության, և՛ սահմանների պաշտպանությունը, և որևէ մեկը չի կարող քննադատել Հայաստանի բանակին իր պաշտպանական ունակությունները բարձրացնելու համար»,- հայտարարել է Լըկորնյուն։
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար նշել է, որ իր և պատվիրակության այցը ևս մեկ անգամ շեշտում է Հայաստանի՝ Ֆրանսիայի համար ունեցած կարևորությունը։
Նախարարի խոսքով՝ Ֆրանսիան պատրաստ է Հայաստանի կողքին լինել ռազմական կրթությանն աջակցության հարցում, և ֆրանսիական ռազմական կրթօջախները բաց են հայ զինվորականների վերապատրաստումների համար։
«Կունենանք ռազմական խորհրդատու, որը միշտ կգտնվի Հայաստանում, պետք է նաև ուղղորդենք օդային պաշտպանությանն առնչվող ծրագրերը՝ հօգուտ այն բարեփոխումների, որ դուք արդեն իրականացնում եք»,- ասել է ֆրանսիացի նախարարը։
Սա Ֆրանսիայի պաշտպանության նախարարի պատմության մեջ առաջին այցն է Հայաստան։ Հայաստանն ու Ֆրանսիան պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրեր էին ստորագրել 2023 թվականի հոկտեմբերի 23-ին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Ֆրանսիա կատարած այցի ընթացքում։