Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
Նա նշել է, որ արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ տեսլականների տարբերություններն անհնարին է դարձնում իր հետագա աշխատանքը։
«Տեղեկացնում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել ՀՀ Հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատման դիմում:
Մեր պետության և տարածաշրջանի համար ստեղծված բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ ստանձնել և մեծ նվիրումով իրականացրել եմ այս առաքելությունը: Սակայն վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ մեր տեսլականների տարբերություններն անհնարին են դարձնում իմ հետագա ներգրավվածությունը արտաքին քաղաքական ճակատում:
Վստահեցնում եմ, որ շարունակելու եմ ծառայել պետությանն ու ժողովրդին և իմ գիտելիքներն ու փորձը, ինչպես նաև միջազգային կապերը ներդնել Հայաստանի Հանրապետության ազգային-պետական շահերի պաշտպանության գործին:
Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը»,–ասվում է գրառման մեջ։
Էդմոն Մարուքյանը Հատուկ հանձնարարություններով դեսպան էր նշանակվել 2022–ի մարտին։