Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով Եվրախորհրդարանի մարտի 13–ի բանաձևին, նշել է, որ Հայաստանը հանձնառու է ակտիվորեն աշխատել դրա դրույթների իրականացման և ԵՄ-ի հետ գործակցության խորացման ուղղությամբ։ Սիմոնյանի արձագանքը հրապարակվել է «Քաղաքացիական պայմանագրի» ֆեյսբուքյան էջում։
«Երեկ Եվրախորհրդարանն ընդունեց «ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևը։
Շնորհակալ ենք մեր եվրոպացի գործընկերներին այս կարևոր քայլի համար:
Հայաստանը հանձնառու է ակտիվորեն աշխատել վերոնշյալ բանաձևի դրույթների իրականացման և ԵՄ-ի հետ համագործակցության խորացման ուղղությամբ՝ հիմնվելով ընդհանուր ժողովրդավարական արժեքների և ձգտումների վրա»,–ասվում է գրառման մեջ։
Եվրախորհրդարանը մարտի 13–ին ընդունել է «ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևը, որով առաջարկվում է դիտարկել ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը։
Եվրախորհրդարանի բանաձևում ասվում է․ «Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ–ՀՀ հարաբերություններում փոխակերպման փուլի համար»։