18 մարտի 2024 - 14:46 AMT
Պուտինը պարտվել է Երևանում, հաղթել՝ Գյումրիում

ՌԴ նախագահական ընտրություններին Ռուսաստանի քաղաքացիների համար ընտրատեղամասեր էին գործում նաև Երևանում (8026) և Գյումրիում (8031)։

Ըստ հանձնաժողովների, մարտի 18-ի 11։30-ին ներկայացրած արդյունքների՝ Պուտինը պարտվել է Երևանում՝ հավաքելով քվեների 32․87 տոկոսը։ Այստեղ հաղթել է «Նոր մարդիկ» կուսակցությունից Վլադիսլավ Դավանկովը՝ ստանալով քվեների 49․85 տոկոսը, իսկ Գյումրիում Պուտինն առաջատարն է՝ քվեների 58․14 տոկոսով։

Գյումրիում Կոմունիստական կուսակցությունից Նիկոլայ Խարիտոնովը ստացել է քվեների 2․20 տոկոսը կամ 29 ձայն, «Նոր մարդիկ» կուսակցությունից Վլադիսլավ Դավանկովը՝ 30․66 տոկոսը, կամ 405 ձայն, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից Լեոնիդ Սլուցկին՝ 2․42 տոկոսը կամ 32 ձայն, Իսկ Վլադիմիր Պուտինը ստացել է ձայների 58․14 տոկոսը, կամ 768 ձայն, հայտնում է «Ազատությունը»։

Գյումրիում է գտնվում նաև ռուսական 102-րդ ռազմաբազան և միայն երեք ընտրատեղամաս հենց այս ռազմաբազայում էր գործում։

Երևանում Նիկոլայ Խարիտոնովը հավաքել է 1․82 տոկոս կամ 127 ձայն, Վլադիսլավ Դավանկովը՝ 49․85 տոկոս կամ 3 հազար 474 ձայն, Վլադիմիր Պուտինը՝ 32․87 տոկոս կամ 2 հազար 291 ձայն, Լեոնիդ Սլուցկին՝ 1․58 տոկոս, կամ 110 ձայն։

Հազարավոր քաղաքացիներ մասնակցել են «Կեսօրն առանց Պուտինի» ակցիային՝ միաժամանակ քվեարկության ներկայանալով ու երկար հերթեր առաջացնելով բացված ընտրատեղամասերի դիմաց:

Ընդհանուր առմամբ քվեաթերթիկների 99 տոկոսի հաշվարկով` Ռուսաստանի նախագահական ընտրություններում հաղթել է Վլադիմիր Պուտինը՝ հավաքելով ձայների 87․3 տոկոսը։ Սա կլինի նրա հինգերորդ ժամկետը, որը կավարտվի 2030 թվականին։ Ռուսաստանի ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ մասնակցությունն ընտրություններին կազմել է 74․22 տոկոս։ Պուտինը ղեկավարում է Ռուսաստանի Դաշնությունը 2000 թվականից: