«Ֆլայ Արնա» (Fly Arna) ավիաընկերության լիցենզիան կասեցված է՝ ՀՀ օրենսդրության և կարգերի համաձայն, եթե ընկերությունը չունի օդանավ, ապա լիցենզիան մինչև 6 ամիս ժամկետով կասեցվում է, մինչև համապատասխան օդանավ ներգրավելը։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցին։
Նրա խոսքով՝ եթե վեց ամսվա ընթացքում այդ օդանավը չներգրավվի, ապա լիցենզիայի գործունեությունը կդադարեցվի, գրում է «Առավոտը»։
«Հարցն ուսումնասիրվում է, և ավելի հստակ տեղեկատվություն լինելու պարագայում, մենք կտեղեկացնենք ձեզ։ Գլխավոր խնդիրը ֆինանսական է, ֆինանսական պատճառներով է»,–ասել է փոխնախարարը։
«Կխնդրեմ, եթե այդ վերլուծությունը լինի, հնարավորինս հրապարակային լինի, որ հանրությունն էլ տեսնի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ ընկերությունը հիմնվել էր, այդ թվում՝ մեր քաղաքացիների գումարներով»- ասել է Սիսակ Գաբրիելյանը։
Փոխնախարարը նշել է, որ պետք է նաև հաշվի առնել, որ գոյություն ունեն կոմերցիոն գաղտնիք պարուընակող դրույթներ, ինչը կապակցված է նաև այլ կազմակերպությունների հետ։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն, որն առավել հայտնի է «Ֆլայ Արնա» (Fly Arna) անունով, հունվարի 16-ից թռիչքներ չի իրականացնում ֆինանսական խնդիրների պատճառով։ Մինչև թռիչքների դադարեցումը հայկական ավիաընկերությունը չվերթեր էր իրականացնում դեպի Ռուսաստան և Իրան: Վերջին անգամ ընկերությունը հունվարի 16-ին կատարել է Երևան-Թեհրան-Երևան չվերթը:
2021-ի դեկտեմբերին հիմնադրված ավիաընկերությունը սկսել է գործել 2022-ի հուլիսին և 1․5 տարի անց խնդիրների առաջ է կանգնել։ «Ֆլայ Արնան» հայ-արաբական գործակցության արդյունք է: Դրա 49%-ը պատկանում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ին (ANIF), որը պետական հիմնադրամ է, 49 %-ն էլ պատկանում է արաբական International Business Company (FZE)-ին, որը փոխկապակցված է Air Arabia ավիաընկերությանը: