Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել միավորել ԵՄ, Կովկասի և Արևմտյան Բալկանների էներգահամակարգերը։ Այդ մասին նա հայտարարել է Բրյուսելում՝ ատոմային էներգետիկային նվիրված համաժողովի ժամանակ։
«Մենք պետք է միասին աշխատենք էլեկտրացանցերի ստեղծման և դրանց փոխկապակցման համար։ Այդ քայլը կարող է էժան էլեկտրաէներգիայի աղբյուրներ ստեղծելուն միտված բեկումնային գործոն դառնալ։ ԵՄ, Արևմտյան Բալկանների և Կովկասի էներգահամակարգերը պետք է միավորվեն և հարկավոր է այդ ուղղությամբ ներդրումներ իրականացնել», - ասել է Ֆրանսիայի նախագահը, գրում է ՏԱՍՍ–ը։
Մակրոնը նաև կարևորել է ատոմային էներգետիկայի զարգացումը՝ նշելով, որ ԱԷԿ–ները թույլ են տալիս բարձրացնել երկրների էներգետիկ անվտանգությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում Միջուկային էներգիայի գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ կարևորել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և ընդգծել բազմաոլորտ համագործակցության հետագա ամրապնդման վճռականությունը։
Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովը տեղի է ունեցել մարտի 21–ին։