Ապրիլի 3-ին Dvin Hall-ում կայացել է միջազգային Doing Digital ամենամյա ֆորումը: Ֆորումը հյուրընկալել է աշխարհահռչակ խոսնակ, բանկինգի նոր հայեցակարգի հիմնադիր Բրեթ Քինգին, ինչպես նաև ֆինանսատեխնոլոգիական ոլորտի մոտ 20 առաջատար մասնագետների:
Տեղի են ունեցել մի շարք պանելային քննարկումներ, որոնց ընթացքում խոսվել է ժամանակակից աշխարհում թվայնացման հրամայականի, առկա մարտահրավերների, թվայնացման արդեն նկատելի ազդեցության և միտումների մասին:
«Ֆինանսների ապագան» թեմայով պանելային քննարկման շրջանակում քննարկվել է ֆինանսական աշխարհի վրա նորագույն տեխնոլոգիաների և արհեստական բանականության ազդեցությունը: Քննարկմանը մասնակցում էր նաև ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը: Վերջինս անդրադարձել է թվայնացման և արհեստական բանակության աճող «ներկայության» պայմաններում ոլորտի իրավական կարգավորման բարդությանը, այս առումով Կենտրոնական բանկի առջև ծառացած մարտահրավերներին և փոխակերպմանը հարմարվելու պատրաստակամությանը:
Բրեթ Քինգի արտահայտած մտահոգությանը կապված բանկ-ֆինթեք հարաբերությունների բարդության հետ, Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը պատասխանել է, որ վերջին տարիներին զգալիորեն փոխվել է մեծ ընկերությունների վերաբերմունքը ֆինթեքի նկատմամբ: Շամցյանը նշել է, որ նրանք արդեն այլ լեզվով են խոսում ընդհանուր լեզվով: Պատահական չէ, որ շատերն անգամ իրենց կառուցվածքում ստեղծում են առանձին ուղղություն, որը նոր ուժով կզարգացնի այդ հարաբերությունները: Դրա վառ օրինակը հենց Ամերիաբանկն է՝ իր Ինովացիաների և թվայնացման տնօրինությամբ՝ ի դեմս Շամցյանի:
Այն հարցին, թե ինչպես է պատկերացնում Հայաստանի ֆինանսական ապագան 10-ամյա ժամանակահատվածում, Արտյոմ Շամցյանը պատասխանել է, որ թվային ապագան միայն բանկինգի մասին չէ: Նա հույս է հայտնել, որ արդեն 10 տարի անց, գուցե՝ ավելի վաղ, թվայնացումը Հայաստանում կընդգրկի հանրային կյանքի բոլոր ասպեկտներն ու դրանով իսկ ավելի հասանելի կդարձնի ծառայությունները: Մասնավորապես կստեղծվի այնպիսի հարթակ, հավելված, որը մարդկանց հնարավորություն կտա սկզբից մինչև վերջ թվայնացնել առօրյան, շփումները տարատեսակ հաստատությունների հետ` ֆինանսական, առողջապահական, կրթական և այլն: Այս դեպքում, Շամցյանի պատկերացմամբ, ֆինանսական մասը պարզապես կդառնա համակարգի ներկառուցված բաղադրիչը:
Ֆորումը Հայաստանում անցկացվում էր արդեն 2-րդ անգամ: Ֆորումի կազմակերպիչը SPRING PR ընկերությունն էր, իսկ ֆինթեք գործընկերը` Ամերիաբանկը: