Ակադեմիական քաղաքի կառուցման աշխատանքները նախատեսվում է փուլային սկզբունքով մեկնարկել 2025 թվականից: Այդ մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Սա շատ խոշոր ծրագիր է, իրականացումն էլ բավականին ժամանակ է պահանջելու: Մենք գտնվում ենք գլխավոր հատակագծի մշակման փուլում, որը պետք է վերջնականացվի մինչև հունիս ամիսը»,-ասել է նա, գրում է Արմենպրեսը։
Ապրիլի 11-ին նախատեսվում է Հայաստանում հերթական այցով ընդունել գերմանական GMP ընկերության ճարտարապետներին՝ քննարկելու աշխատանքները, որ արդեն արված են:
«Ուրբաթ օրը նախատեսում ենք ծրագրի այս պահին արդեն պատրաստ և մշակված տարբերակի ներկայացում հանրային ավելի լայն շրջանակի Մատենադարանի դահլիճում, հրավիրված են գիտական, բուհական հանրույթի ներկայացուցիչները»,-ասել է Անդրեասյանը:
Անդրադառնալով պատգմավորի հարցադրմանը, թե արդյոք ներկայիս դպրոցականները հնարավորություն կունենան սովորելու Ակադեմիական քաղաքում՝ նախարարը վստահաբար դրական պատասխան է տվել:
«Պլանավորում ենք, որ այս տարի կսկսենք փուլային տարբերակով հիմնական կառույցների նախագծման աշխատանքները: Բուն կառուցման աշխատանքները ևս պլանավորվում է փուլային սկզբունքով մեկնարկել 2025 թվականից: Կարծում ենք, որ այդ տրամաբանության մեջ 2030 թվականին արդեն կունենանք այստեղ առաջին սովորողներին: Առաջին փուլում խոսքը արվեստների, տեխնոլոգիական, կրթական և սպայական համալսարանների ուսանողների մասին է»,-ասաց նախարարը:
Առաջիկայում նախատեսվում են շատ մանրամասն քննարկումներ, ներկայացումներ բոլոր բուհերում, դպրոցականների հետ:
Ակադեմիական քաղաքը պլանավորված է առաջին հերթին պետական բուհերի ներգրավվածության համար, խոսքը մինչև 8 պետական բուհերի մասին է: Սակայն, նախարարի խոսքով, տարածքը բավականին մեծ է, և հայեցակարգում պլանավորված է, որ այդտեղ կարող են տեղափոխվել նաև մինչև 8 մասնավոր և միջպետական բուհեր: Արդեն կա հետաքրքրվածություն տարբեր բուհերի կողմից: