11 ապրիլի 2024 - 12:10 AMT
ՀՀ ԱԳՆ․ Մարաղայի ջարդերը դարձան Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության մի մասը

32 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի Մարաղա բնակավայրում հայերի ջարդերը դարձան Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության մի մասը։ Այդ մասին ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակվել է ապրիլի 10–ին X-ի միկրոբլոգում։

«Ավելի քան 50 խաղաղ բնակիչ գազանաբար սպանվել է, շատերը գերեվարվել են, հայ բնակչության մյուս մասը, մոտ 5000 մարդ, բռնի տեղահանության ենթարկվել։ Դա փաստագրվել է իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում, ինչպիսիք են Human Rights Watch–ը և Amnesty International–ը։

Մենք հարգանքի տուրք ենք տալիս անմեղ զոհերի հիշատակին և շեշտում նման քաղաքականությունը կանխելու անհրաժեշտությունը»,–ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանի զինված ուժերը 1992 թվականի ապրիլի 10-ին ջարդեր են կազմակերպել Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում։ Ադրբեջանցիների կողմից սպանվել է ավելի քան 50 հայ, այդ թվում՝ 30 կին, պատանդ է վերցվել մոտ 50 հայ, այդ թվում՝ 9 երեխա և 29 կին։