11 ապրիլի 2024 - 14:56 AMT
Փոխնախարարը՝ «Կովերի պարտեզի» մասին․ Երուսաղեմի ստատուս քվոն փոխելու փորձեր են արվում, ԱԳՆ-ն բարձրաձայնում է

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն անդրադարձել է Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կոչվող կալվածքում ստեղծված իրավիճակին՝ այդ ամենը կապելով նաև Երուսաղեմի ստատուս քվոն փոխելու փորձերի հետ։ Նա նման կարծիք է հայտնել լրագրողների հետ զրույցում։

Նա շեշտել է, որ խնդրի շուրջ ԱԳՆ-ն քննարկումներ է ունենում տարբեր միջազգային գործընկերների հետ հանդիպումների ժամանակ, հայտնում է Արմենպրեսը։

«Այստեղ խնդիրը շատ ավելի խորն է, քան մեր քաղաքացիների կամ հայրենակիցների անվտանգությունը։ Երուսաղեմի ստատուս քվոյի փոփոխության փորձ է տեղի ունենում, ինչի մասին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը խնդրով հետաքրքրված տարբեր գործընկերների հետ հանդիպումներում բարձրաձայնում է։ Այդ մասին խոսվում է նաև բազմակողմ հարթակներում»,- ընդգծել է փոխնախարարը։

Ապրիլի 3–ին իսրայելցիները ոստիկանության աջակցությամբ մուտք են գործել Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ»։ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը դատապարտել է կատարվածը և պատասխաններ է պահանջել Իսրայելի ոստիկանությունից և կառավարությունից։ Ավելի վաղ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքության առաջնորդ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն անձամբ ստորագրել է «Կովերի պարտեզի» տարածքը 99 տարով վարձակալության հանձնելու մասին պայմանագիրը գործարար Դենիել Ռուբինշտեյնին՝ հյուրանոց կառուցելու համար: Հայ համայնքը Երուսաղեմում պարբերաբար բողոքի ակցիաներ է անցկացնում այս գործարքի դեմ։

Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն այցելել է «Կովերի պարտեզի» պատնեշված հատվածը և իր աջակցությունը հայտնել թաղամասը փրկելու շարժման ակտիվիստներին: «Այն ամենը, ինչ հայկական է, կմնա հայկական»,– վստահեցրել է նա։ Իսրայելցիները պարբերաբար բռնի ներխուժման փորձեր են անում։