19 ապրիլի 2024 - 12:15 AMT
Համազեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի

Ադրբեջանի գծով ԵԽԽՎ զեկուցող, նորվեգացի պատգամավոր Լիզ Քրիստոֆերսենը հայտնել է, որ Նախարարների կոմիտեում բանակցություններ են ընթանում ԵԽԽՎ Ադրբեջանի վերադարձի շուրջ, որի լիազորություններն այդ կառույցում մեկ տարով կասեցվել են։

Նա հայտարարել է, որ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի, հայտնում է Turan.az-ը։

«Մենք ցանկանում ենք Ադրբեջանին տեսնել Վեհաժողովում, բայց դրա համար Բաքուն պետք է որոշակի զիջումների գնա և մի շարք պահանջներ կատարի»,–ասել է նա։

Նա հավելել է, որ «Ադրբեջանի իշխանությունները պետք է համագործակցեն ԵԽԽՎ հետ և պայմաններ ստեղծեն համազեկուցողների անարգել աշխատանքի համար, ներառյալ այցերը բանտեր»։ Ադրբեջանը նաև պետք է իր պարտավորությունները կատարի մարդու իրավունքների ոլորտում։

ԵԽԽՎ համազեկուցողներին, որոնք Ադրբեջան էին այցելել 2023–ի նոյեմբերի 20-21–ին, թույլ չէին տվել այցելել քաղբանտարկյալներին։ Դա, ինչպես նաև այն, որ ԵԽԽՎ մյուս համազեկուցողներին թույլ չէին տվել մուտքն Ադրբեջան, պատճառ դարձան, որպեսզի ԵԽԽՎ 2024–ի հունվարյան նստաշրջանում Ադրբեջանի պատվիրակությունը զրկվի ձայնի իրավունքից։