ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, անդրադառնալով ԼՂ–ից ռուս խաղաղապահներին ժամկետից շուտ դուրս բերելու որոշմանը, հայտարարել է, որ Բաքուն սեփական ուժերով կարող է ապահովել անվտանգությունը Ղարաբաղում:
Նա հավելել է, որ կայունությունը տարածաշրջանում առավելապես կախված է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարից, հայտնում է ՏԱՍՍ–ը։
«Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների ներկայությանը Լեռնային Ղարաբաղում, այժմ դա Ադրբեջանի Հանրապետության տարածքն է, որը սեփական ուժերն ունի անվտանգության ապահովման համար, և, ակնհայտ է, որ այդ հարցը միակողմանի կարգով չի լուծվում։ Կարծում եմ, կայունությունը տարածաշրջանում մեծապես կախված է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարից»,–ասել է նա։
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ ռուս խաղաղապահներն ու ռազմատեխնիկան հեռացել են Դադիվանքից, որտեղ տեղակայվել է ադրբեջանական ոստիկանությունը։ Ավելի ուշ լուրը հաստատեց ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը ԼՂ–ից։
Դրան հաջորդեց Ադրբեջանի նախագահի օգնական, արտաքին քաղաքականության հարցերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի և ՌԴ ղեկավարությունը ԼՂ–ից ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերման որոշում է կայացրել։