24 ապրիլի 2024 - 11:13 AMT
Տասմագամբետով․ ՀԱՊԿ-ից դուրս գալը կլինի ՀՀ ինքնիշխան որոշումը, բայց այդ դեպքում ուժերի բալանսը Հրվ. Կովկասում կարող է փոխվել

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, անդրադառնալով ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերություններին, հայտարարել է, որ ՀԱՊԿ–ից դուրս գալու կամ դրա կազմում մնալու որոշումը կլինի ՀՀ ինքնիշխան ընտրությունը։ Այդ մասին նա ասել է «Իզվեստիային» տված հարցազրույցում։

Նա հավելել է, սակայն, որ եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ–ից, ուժերի բալանսը Հարավային Կովկասում կարող է փոխվել և «կգործեն տարածաշրջանային անվտանգության այն գործոնները, որոնց ազդեցությունը հիմա բավականին բարդ է կանխատեսել և հաշվարկել»։

«Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության բազմավեկտոր քաղաքականությանը, որը մնում է նրանց ինքնիշխան իրավունքը: Ըստ այդմ, Երևանի ընտրությունը՝ մնալ ՀԱՊԿ-ի կազմում, թե լքել կազմակերպությունը, նույնպես կլինի այս անկախ պետության ինքնիշխան որոշումը»,- ասել է գլխավոր քարտուղարը։

Տասմագամբետովը նշել է նաև, որ չնայած Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու որոշմանը, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի նկատմամբ։

Խոսելով Հայաստանի հնարավոր առճակատման մասին ՀԱՊԿ–ի հետ՝ Տասմագամբետովը այն անվանել է զուտ հիպոթետիկ և հավելել, որ պետք է հաշվի առնել կողմերի ռեսուրսային բազան և իրական հնարավորությունները, ուստի այդ հարցը, «թեև այս պահին չի կարող չափազանց ակտուալ համարվել, վերլուծություն է պահանջում»։

Վերջին շրջանում Հայաստանը չի մասնակցում կազմակերպության միջոցառումներին և փաստացի սառեցրել է անդամակցությունը, քանի որ ՀԱՊԿ–ը չի կատարել իր պարտավորությունները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չի արել, չկա մի տեղ, որտեղ ՌԴ-ն կարող է մեղադրել Հայաստանին պարտավորությունները չկատարելու մեջ, սակայն հակառակ դեպքերը բազմաթիվ են: Փաշինյանը նշել է, որ Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերություններն ակնհայտորեն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում, սակայն դրանց կարևորությունը ՀՀ պետականության, ինքնիշխանության, անվտանգության, տնտեսության համար դժվար է թերագնահատել:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանը դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում։ Նա մատնանշել է, թե ՀԱՊԿ պատասխանատավության գոտու մասին խոսելուց առաջ, պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը»։ Լավրովը նաև ասել է, որ այն հայտարարությունները, թե հայերը հեռացան Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների անգործության պատճառով, «սխալ են»։