Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգված է Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով: Այդ մասին ասվում է կազմակերպության X-ի միկրոբլոգում արված հրապարակման մեջ։
Կազմակերպությունը կոչ է արել ՀՀ իշխանություններին հետաքննել «անհամաչափ ուժի և անմարդկային վերաբերմունքի դեպքերը»։
«Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանության կողմից բռնության մասին ահագնացող հաղորդագրություններով։ Մենք կոչ ենք անում ՀՀ իշխանություններին հետաքննել անհամաչափ ուժի կիրառման և անմարդկային վերաբերմունքի դեպքերը և աշխատել քաղաքացիական հասարակության հետ՝ նպաստելու նշանակալի բարեփոխումների իրականացմանը»,–ասվում է գրառման մեջ։
Գրառմանը կցվել է ՄԻՊ հաղորդագրությունը Սամվել Վարդանյանին մի խումբ դիմակավորված անձանց կողմից ծեծի ենթարկելու կապակցությամբ նրան այցելելու վերաբերյալ։
Ապրիլի 23–ի երեկոյան տեղեկություններ հայտնվեցին Տավուշում սահմանազատման դեմ բողոքող 20-ից ավելի քաղաքացի ուժի կիրառմամբ բերման ենթարկելու մասին։
Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի դեպքով կալանավորված Սամվել Վարդանյանի նկատմամբ առերևույթ բռնություններ կատարելու վերաբերյալ հաղորդման առիթով։