11 մայիսի 2009 - 13:51 AMT
Վախճանվել է հայտնի արվեստագետ Հենրիկ Իգիթյանը
Այսօր կյանքի 77-րդ տարում տեւական հիվանդությունից հետո վախճանվել է հայտնի արվեստագետ ու Հայաստանի Գեղագիտական ազգային կենտրոնի հիմնադիր Հենրիկ Իգիթյանը:

Հենրիկ Իգիթյանն այն մարդն էր, որը փրկեց կերպարվեստն ու օգնեց երիտասարդ տաղանդներին գոյատեւել խորհրդային տարիներին: Նրա համառության ու նպատակասլացության շնորհիվ 1972թ. Երեւանում բացվեց Ժամանակակից գեղանկարչության թանգարանն, այն դեպքում, երբ Մոսկվայում եւ Պետերբուրգում 20-30-ականների ավանգարդը գտնվում էր պահոցներում:

Ավարտելով Երեւանի օտար լեզուների ինստիտուտը (1951-56), այնուհետեւ Լենինգրադի ճարտարապետության եւ քանդակի ինստիտուտը (1958-63), Իգիթյանն աշխատել է եւ ղեկավարել է Հայաստանի ազգային պատկերասրահը, եղել է Հայկական ԽՍՀ եւ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդների (1989-1991) պատգամավոր: Մինչեւ վերջին օրը Հ.Իգիթյանը ղեկավարել է իր հիմնած Ժամանակակից արվեստի թանգարանն ու Հայաստանի Ազգային գեղագիտական կենտրոնը: