ՀՀ-ում ոստիկանության գվարդիա կստեղծվի։ Կառավարությունը հավանություն է տվել «Ոստիկանության գվարդիայի մասին» նոր օրենքի նախագծին։ Կստեղծվի զուտ ոստիկանական ծառայություն՝ միջազգային ստանդարտներին համապատասխանող նոր սպառազինությամբ ու վերապատրաստված անձնակազմով, որին կվերապահվեն հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման, պետական շենքերի և կարևորագույն օբյեկտների պահպանության, պետական արարողակարգով նախատեսված պատվիրակությունների ուղեկցման, ինչպես նաև ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման ու այլ գործառույթներ։
Անդրադառնալով քննարկվող հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ոստիկանությունն ուժային կառույց է և ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա, եթե չունենա այդ իրավունքը՝ ոստիկանությունն ընդհանրապես, որպես ծառայություն, կդառնա անիմաստ:
«Այլ բան, որ մենք պետք է ունենանք շատ հստակ ստանդարտներ: Ընդ որում , սա կարևոր է և՛ քաղաքացուն, և՛ ոստիկանին պաշտպանելու համար: Ոստիկանն իր ծառայության բերումով պետությանը և հանրությանը ծառայություն է մատուցում, և պետք է իր ծառայության ստանդարտն ուսուցանենք առաջին հերթին իրեն, որպեսզի ինքը հանկարծ չիմացության բերումով այդ սահմանգիծը չանցնի՝ վնասելով և՛ քաղաքացու շահերը, և՛ իր շահերը, որովհետև դրանից հետո պետք է առաջ գա պատասխանատվություն»,–ասել է նա։
Նախագծով սահմանվում են Ոստիկանության գվարդիայի կարգավիճակը, կառուցվածքը, խնդիրներն ու գործառույթները, գվարդիայի ծառայողների իրավունքներն ու պարտականությունները, ներառյալ՝ նրանց կողմից ուժային միջոցներ կիրառելու դեպքերը, հիմքերը և համաչափության պայմանները, ինչպես նաև՝ ոստիկանության գվարդիայի ծառայողների պատրաստման և վերապատրաստման առանձնահատկությունները։
Նախատեսվում է Ոստիկանության գվարդիայի նոր կարգավիճակի սահմանումը։ Ոստիկանության գվարդիան լինելու է ՀՀ ոստիկանության կառուցվածքային միավոր՝ իր համապատասխան ստորաբաժանումներով:
Ոստիկանության գվարդիայի կառուցվածքում նախատեսվում է ներառել ներկայիս ոստիկանության զորքերը, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը, ճանապարհային ոստիկանության ուղեկցող ստորաբաժանումը, ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում գործող հատուկ նշանակության ստորաբաժանումները, ինչպես նաև՝ քրեական վարույթին ներգրավված անձանց պաշտպանության ստորաբաժանումները: Ոստիկանության գվարդիան կունենա անմիջական ենթակայության տարածքային ստորաբաժանումներ առնվազն ՀՀ երեք մարզերում (Լոռի, Շիրակ, Սյունիք, որոնք անհրաժեշտության դեպքում կսպասարկեն նաև հարակից մարզերը), ինչպես նաև՝ պետական պահպանության և քրեական վարույթին ներգրավված անձանց պաշտպանության ստորաբաժանումներ (Երևանում և մարզերում): Կվերանայվեն և կհստակցեվեն Ոստիկանության գվարդիայի կողմից իրականացվող անմիջական գործառույթները:
Օրենքն ուժի մեջ կմտնի 2024 թ. սեպտեմբերի 1-ին, և կսահմանվի անցումային ժամանակահատված՝ մոտ 6 ամիս: Մինչև 2025 թ. հունվարի 10-ը նախատեսված է Ոստիկանության գվարդիայի հրամանատարի նշանակում, որից հետո երկամսյա ժամկետում՝ կառույցի ամբողջական ձևավորում: