14 մայիսի 2024 - 12:46 AMT
Բորգն Ադրբեջանում կոչ է արել Երևանին և Բաքվին շարունակել բանակցությունները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 14-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարար Յան Բորգի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպումից հետո Բորգը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ ԵԱՀԿ–ն կոչ է անում Երևանին և Բաքվին շարունակել բանակցությունները։

Նա նաև ողջունել է սահմանազատման գործընթացի մեկնարկը։

«Որոշ ժամանակ առաջ սահմանազատման և սահմանագծման մասին ձեռք բերված համաձայնությունը քայլ է ճիշտ ուղղությամբ։ Մենք կոչ ենք անում կողմերին շարունակել խաղաղ բանակցություններն ի շահ ժողովրդների։

Մալթան՝ կազմակերպությունում իր նախագահության շրջանում, հավատարիմ է ԵԱՀԿ–ում կայունության ամրապնդման գաղափարին և համագործակցության նոր հնարավորություններ է դիտարկում COP29–ին ընդառաջ»,–ասվում է գրառման մեջ։

Մայիսի 13–ին Բորգի գլխավորած պատվիրակությունը ՀՀ-ում էր, որտեղ նրանց հյուրընկալել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը և Յան Բորգը քննարկել էին ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր։ Բորգն ընդգծել էր ԵԱՀԿ ողջ տարածաշրջանում կայուն խաղաղությանը և հակամարտությունների կարգավորմանն աջակցելու և խթանելու հարցում կազմակերպության հանձնառությունը, ԵԱՀԿ մանդատին համապատասխան կազմակերպության գործիքակազմի արդյունավետ կիրառումը՝ ի նպաստ տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման: