15 մայիսի 2024 - 10:32 AMT
Երևանում վերսկսվել են անհնազանդության ակցիաները․ Ցուցարարները հավաքվելու են Ազատության հրապարակում

Վաղ առավոտից վերսկսվել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների խաղաղ անհնազանդության ակցիաները ՀՀ ամբողջ տարածքում։ Քաղաքացիներն աղբամաններով փակել են Երևանի Աբովյան փողոցը, Տերյան-Արամի խաչմերուկը, հայտնում է Panorama.am-ը։

ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 14–ի ամփոփիչ հավաքի ժամանակ կոչ է արել մայիսի 15–ին՝ ժամը 16։00–ին, հավաքվել Ազատության հրապարակում։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 15–ի օրակարգը․ «Ժամը 17:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը»:

Ցուցարարները ժամը 15:30-ին հավաքվելու են հետևյալ չորս կետերում և շարժվելու են դեպի Օպերա՝ դրսևորելու խաղաղ անհամաձայնությունը. Սարյանի անվան այգի, Կոնսերվատորիայի դիմացի այգի, Սուրբ Աննա եկեղեցու բակ, Հյուսիսային պողոտա (Բանալիի մոտ)։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը դեմ է հանդես գալիս Տավուշում մեկնարկած հատվածական սահմանազատմանը, և որի երթը դեպի Երևան առաջնորդում էր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը մայիսի 9-ին հասել է մայրաքաղաք, որտեղ բազմահազարանոց հանրահավաք է անցկացրել Հանրապետության հրապարակում։

Բացի սահմանազատումը կասեցնելու պահանջից, հնչել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը, որի համար «տրվել է մեկ ժամ ժամանակ», որը հետո ավելացվել է 20 րոպեով։ ՔՊ խմբակցության ղեկավարն արձագանքել է վարչապետի հրաժարականի պահանջին՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով Փաշինյանի լուսանկարը ՝ «ՀՀ ընտրված վարչապետ» գրությամբ։ Դրան հաջորդել են ՔՊ–ականների նմանատիպ հրապարակումները։

Բագրատ սրբազանը, ընդդիմադիր պատգամավորների հետ խորհրդակցելուց հետո, դիմելով հանրահավաքի մասնակիցներին, հայտարարել է, որ առաջիկա օրերին Ազգային ժողովում նախաձեռնվելու է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։