15 մայիսի 2024 - 17:17 AMT
Երևանի ոստիկանապետ. Սովորական ծառայություն է, մեծաթիվ չէ

Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանը համաձայն չէ այն գնահատականների հետ, թե Ազատության հրապարակում սպասվող միջոցառմանն ընդառաջ տեղում գտնվող ոստիկանական ուժերը մեծաթիվ են։

«Մեծաթիվ չի, սովորական ծառայություն է։ Բոլոր տեսակի միջոցառումներին էլ մենք պլանավորում ենք ծառայություն՝ հասարակական կարգը պահպանելու համար», - ասել է նա։

Ազատության հրապարակ տանող հատվածներում արգելապատնեշներ են դրված։ Դեպի Օպերայի շենք տանող փողոցները փակ են, տեղում ոստիկանական ուժեր են կենտրոնացած։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ներկայացրած մայիսի 15–ի օրակարգի համաձայն ցուցարարները ժամը 15:30-ին հավաքվելու են հետևյալ չորս կետերում և շարժվելու են դեպի Օպերա՝ դրսևորելու խաղաղ անհամաձայնությունը. Սարյանի անվան այգի, Կոնսերվատորիայի դիմացի այգի, Սուրբ Աննա եկեղեցու բակ, Հյուսիսային պողոտա (Բանալիի մոտ), քանի որ ժամը 17:00-ին օպերայում EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ոստիկանությունը հայտարարել է, որ միջոցառման հետ կապված ժամը 15։00–ից Օպերայի հարակից փողոցները փակ են լինելու։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարել է, որ երթերը սկսվելու են նախանշված տեղերից և կոչված են ցույց տալու ժամանած հյուրերին, որ «ՀՀ վարչապետը տարածքներ հանձնելու համար երկրում լեգիտիմություն չունի»: